2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԻՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐԵՑ ՈՉ ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՅԼ ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԻՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐԵՑ ՈՉ ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՅԼ ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
16.11.2010 | 00:00

Ի՞նչ ներդրում ունի հայ ազգը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Այս հարցը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆՆ ուսումնասիրել է դեռ մանկուց և հավաքել է, իր իսկ խոսքերով, ապշեցուցիչ փաստեր։ «ՈՒսումնասիրելով հայ ազգի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում՝ այն պետք է կապել ոչ միայն անհատների գործունեության հետ, այլև տեսնել, թե նրանց մտածելակերպն ինչ դեր ունի համաշխարհային զարգացումներում»,- ասում է Վ. Վահրադյանը և բերում նման մտածելակերպի օրինակներ։
Իտալիայում կա հուշարձան, որի վրա գրված է. «Իտալիան ազատագրվել է Ներսես Հայի շնորհիվ»։ Ո՞վ է Ներսես Հայը։ Նա պատմության մեջ հայտնի է նաև Ներսես Պատրիկ անունով, 6-րդ դարում Բյուզանդիայի փոխարքան էր կամ արխիստրատեգը։ Ժամանակին Բյուզանդիայում ընդունված էր, որ եթե կայսրն ազգությամբ հույն էր, ապա արխիստրատեգը հայ էր, և հակառակը։ Հայտնի է, որ Բյուզանդիայում 22 հայ կայսր է եղել։ 6-րդ դարում կայսրը Հուստինիանոսն էր, իսկ արխիստրատեգը՝ Ներսես Պատրիկը։ Այդ ժամանակ Իտալիան գրավել էին գոթերը, և ավերվում էր ամբողջ հռոմեական մշակույթը։ Հուստինիանոսը զորք տրամադրեց իր արխիստրատեգին և հրահանգեց Իտալիան ազատագրել։ Ներսես Հայը կազմակերպում է ռազմական ուժերը՝ ջախջախելով գոթերին, և, ի պատիվ այդ հաղթանակի, կայսրը նրան նշանակում է Իտալիայի փոխարքա։ Հետաքրքիր է, որ երբ Ներսեսը ջախջախեց գոթական բանակը, հռոմեացիները պահանջեցին խաչ հանել գոթերի արիստոկրատիային։ Ներսեսը, սակայն, արգելեց դա։ Հռոմեացիները շատ էին զարմացել, բայց քանի որ դա հաղթողի կամքն էր, ստիպված էին ենթարկվել։ Այնուհետև հռոմեացիները պահանջեցին գոնե ստրկացնել գոթերին։ Ներսեսն արգելեց նաև դա, ավելին, հռոմեացիների զարմացած հայացքների ներքո իր բանակի պաշտպանությամբ գերեվարված գոթերին մի շարքով ուղարկեց իրենց հայրենիք։ Նա դրանով արտահայտեց հայկական մտածելակերպն ու մարդասիրության աննախադեպ դաս տվեց ամբողջ Եվրոպային։ Նույն մտածելակերպը դրսևորվում է նաև հայկական էպոսում։ Սասունցի Դավիթը հաղթում է Մսրա զորքին և չի ստրկացնում նրանց, հարկ չի դնում նրանց վրա, այլ ուղղակի ասում է՝ դարձեք եկած ճանապարհով։ Մեր էպոսը հազարամյակների ընթացքում փոխանցվել է հորից որդուն, պապից՝ թոռանը, կան էպոսի տասնյակ պատումներ, և եթե այդ փոխանցողներից գոնե մեկը համարեր, որ Դավիթը սխալ է գործել, այլ կերպ կվերապատմեր։ Բայց բազում պատումներից և ոչ մեկում նման բան չենք տեսնում։ Ասել է թե՝ բոլոր հայերը համարել են, որ նա վարվել է բացարձակապես ճիշտ։ Էպոսի հերոսների վարքագիծը բյուրեղացված հայկական մտածելակերպն է։ Այսինքն, մեր մտածելակերպի ազդեցությունը Եվրոպայի վրա արդեն 6-րդ դարում հսկայական էր։ Նույն բանը նաև արցախյան պատերազմում էր. հայկական զորքերը մշտապես կանաչ միջանցք են բացել, որ խաղաղ բնակչությունը կարողանա նահանջել։
Էդուարդ Շուրեի «Մեծ իմացյալները» գրքում կարդում ենք. երբ արիացիների առաջնորդ Րամը (կամ Րաման) գրավեց Հնդկաստանը, իր ժողովրդի ավանդույթները վերածեց օրենքների և հռչակեց ամբողջ Հնդկաստանում։ Իսկ որո՞նք էին այդ օրենքները։ Առաջին և ամենակարևոր օրենքը հետևյալն էր. հաղթողներն ու պարտվողներն իրավահավասար են։ Սա բացառիկ դեպք էր։ Միայն հայերը կարող էին նման բան անել։ Տիգրան Մեծը նույնպես տարածքներ գրավելիս ծանր հարկեր չէր դնում։ Նույնիսկ շատ ժողովուրդներ ու ազգեր գալիս խնդրում էին Տիգրան Մեծ արքային, որ իրենց էլ նվաճի, որովհետև շատ մարդկային օրենքներ էր հաստատում։ Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հաղթողի և պարտվողի միջև հավասարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է։
Իսկ ի՞նչ առնչություն ունի Րաման հայերի հետ։ Կան հետազոտություններ, համաձայն որոնց` Րաման և արիացիները Հնդկաստան են եկել Հայկական լեռնաշխարհից։ Հնդկերեն բառերի մի քանի օրինակներ կան, որոնք հայերեն բառերի ուղղակի տառադարձումն են։ Օրինակ, «արև» բառը հնդկերենում հնչում է «րևա», կամ «Րամա» անունն «Արամ» բառի տառադարձությունն է։ Բացի այդ, հայտնի է, որ Հնդկաստան ներխուժած արիացիները այստեղ են եկել Րասխ սրբազան գետի ափից։ Րասխն Արաքսն է։ Կան շատ այլ տվյալներ, համաձայն որոնց, արիացիները եկել են Հայկական լեռնաշխարհից, գրավել Հնդկաստանը և այնտեղ զարգացրել մի այնպիսի մշակույթ, որ մինչև հիմա առեղծվածային է իր վեհության մեջ։ Մինչդեռ մեզ մոտ հայկական մշակույթը Գրիգոր Լուսավորիչը ոչնչացրեց քրիստոնեություն ընդունելու ընթացքում։ ՈՒրֆա քաղաքում կար Ալեքսանդրիայի գրադարանին չզիջող հայկական մեծ գրադարան, նա վառեց-ոչնչացրեց այդ գրադարանը։ Արդյունքում կորցրինք մեր գրավոր մշակութային գանձերը, և երբ Խորենացին գրում էր Տիգրան Մեծի մասին, գրավոր հայկական ոչ մի աղբյուր չուներ ձեռքի տակ։ Սա մեր ժողովրդի ամենամեծ ողբերգությունն էր։ Ես նկատի չունեմ քրիստոնեության ընդունումը, այլ քրիստոնեության ընդունման ձևը։ Համարում եմ, որ քրիստոնեությունը մեր հեթանոսական կրոնի տրամաբանական զարգացումն է։ Հունաստանն էլ ընդունեց քրիստոնեություն, բայց այնտեղ Արիստոտելի և Պլատոնի գրքերը հրո ճարակ չդարձան։
Ընդունված է ասել, որ ժողովրդավարությունը ծագել է Հունաստանում, մինչդեռ ժողովրդավարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է։ Անդրադառնանք շումերական էպոսին և Շումերի Գիլգամեշ արքային։ Գիլգամեշ արքան որոշում է անմահություն ստանալ, և նրան ասում են, որ կա մի երկիր, որտեղ մարդիկ գիտեն անմահության գաղտնիքը։ Այդ երկիրը կոչվում է Արատա, որը նշանակում է սուրբ օրենքների երկիր, աստվածների հավաքատեղի։ Գիլգամեշը, անմահություն ստանալու համար, Շումերից ճանապարհվում է Արատա։ Էպոսում նկարագրվում է ճանապարհը, և դա ճանապարհն էր Շումերից Հայաստան։ Ընդ որում, ասվում է նաև, որ նրան հյուրասիրում են գարեջուր։ Հին աղբյուրներից հայտնի է, որ գարեջուր առաջինը պատրաստել են հայերը։ Նկատենք, որ Գիլգամեշի մասին էպոսը գրվել է մ.թ.ա. 2800 թվականին։ Գիլգամեշը, հետագայում վերադառնալով, հիացմունքով պատմում է այդ երկրի մասին։ Ըստ Գիլգամեշի՝ արքան Արատայում ընտրվում էր չորս տարով։ Նա բացարձակ իշխանություն չուներ։ Նրա իշխանությունը սահմանափակում էր ծերակույտը, և երբ վիճելի հարց էր առաջանում արքայի և ծերակույտի միջև, ապա այն դրվում էր համաժողովրդական քվեարկության։ Ընդ որում, քվեարկում էին միայն տղամարդիկ, այն էլ՝ ոչ բոլորը, այլ ընտանիքներ ներկայացնող տղամարդիկ։
Նշված փաստերը լայն հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է հասարակությանը տալ պատկերային տեղեկություն։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ստեղծվել են մեկրոպեանոց տեսահոլովակներ, որտեղ շատ պարզորեն ներկայացվում է փաստը՝ առանց որևէ մեկնաբանության։ Տեսահոլովակները մի քանի անգամ հեռարձակվել են Հայաստանում և Միացյալ Նահանգների հայկական հեռուստաալիքներով։
Այս հարցում խոսք ունի ասելու նաև հայագիտությունը, ինչը, ոմանց կարծիքով, անկում է ապրում։ Այդպես չէ։ Անկում է ապրում միայն վատ հայագիտությունը։ Մենք պետք է կարողանանք մաքրել ու բյուրեղացված ցույց տալ մեր ունեցածը։ Այսօր կան հզոր տրամաբանական ուժ և ապացուցողական բազա ունեցող բազմաթիվ աշխատություններ, որոնք ապշեցուցիչ փաստեր են ներկայացնում։ 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոսներից Մաքս Պլանկն իր փիլիսոփայական աշխատություններից մեկում գրում էր՝ գիտության մեջ հաճախ հաղթում են ո՛չ այն պատճառով, որ իրենց հակառակորդներին համոզում են ճշմարտացիության մեջ, այլ այն պատճառով, որ հակառակորդները կամաց-կամաց մահանում են, և եկող սերունդն ընդունում է ճշմարտությունը։ Նյուտոնի տեսությունն Անգլիայում ֆիզիկոսները մոտ 30 տարի չէին ընդունում։ Մենք պետք է սպասենք, որ հայագիտության հիմքում նոր վարկածներ առաջ քաշող երիտասարդ ուժերը կարողանան ազատվել խորհրդային դպրոցի ներկայացուցիչների դիմադրությունից։
Հին աշխարհի անգերազանցելի գիտակ Շլիմանը, երբ եկավ Տրոյան պեղելու, Եվրոպայի բոլոր գիտնականները ծիծաղում էին նրա վրա։ Շլիմանը եկավ, պեղեց, մի քանի շերտ քաղաքակրթություններ հայտնաբերեց և հասավ Տրոյային։ Ավելին, նա գտավ արքաներից մեկի գանձարանը։ Դրանից հետո ամբողջ Եվրոպան լաց էր լինում։ Իսկ Շլիմանը գրել է. «Եվրոպայի ողբերգությունն այն է, որ իր քաղաքակրթության հիմքում դրեց ոչ թե հայկական, այլ հին հունական մշակույթը»։ Երևի նա հասկանում էր՝ ինչ է ասում։ Հիմա մենք, թողած մեր վեհ, բարձրաշխարհիկ, սրբազնագույն արժեհամակարգը, փորձում ենք եվրոպացիներից ավելի եվրոպացի երևալ։ Ի՞նչ պետք է Եվրոպայից ընդօրինակենք՝ միասեռականությո՞ւնը։ Տվեք մեզ՝ հայերիս, հնարավորություն, և մենք կստեղծենք բարձր հասարակություն, որը նախանձելի կլինի ամբողջ աշխարհի համար։ Թող մեր իշխանությունները մտածեն ոչ թե եվրոպական արժեքները բերել-տեղայնացնելու, այլ մերը վերականգնելու մասին։ Եվ Եվրոպան կգա մեր արժեքները կրկնելու, ինչը տեղի է ունեցել դարերի ընթացքում։ Հայագիտության, մշակույթի նախարարության, իշխանությունների առաջին խնդիրը պետք է լինի վեր հանել իրական հայկական արժեհամակարգն ու հետևել դրան։
Պատրաստեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ